Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար», - ասաց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նաև նշեց՝ մնացյալ հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ պատրաստ են հավելյալ քննարկման: «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը մանրամասնում է՝ իրենք քվեները կապահովեն առանց նախապայմաններին:

«Մենք չունենք պայման, որ էսինչ օրը եթե չեք անում, չենք բան անում: Մենք այլ բան ենք ասում: Ասում ենք, որպեսզի դա քննարկվի Ազգային ժողովում, պետք է 36 ստորագրություն, մենք պատրաստ ենք Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենթի գործընթացի համար տրամադրել մեր 28-ը, բայց ավելի չունենք մենք, դրա համար էլ մենք չենք նախաձեռնել: Ենթադրում ենք, եթե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ»-ը նախաձեռնել է, ունի այդ ողջամիտ ծրագիրը, քայլերի հաջորդականությունն ու անհրաժեշտ ձայները, որպեսզի այդ գործընթացը նախաձեռնի», - ասաց Վարդանյանը:

Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթաց երկու օր առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության հորդորով նախաձեռնեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Վարչապետի թեկնածու են առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Վարչապետին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու նախագիծը միաժամանակ է ներկայացվում, այն խորհրդարանում կարող է քննարկվել 36 պատգամավորի ստորագրության դեպքում, բայց ընդունելու համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 քվե: Որևէ խմբակցությունում չընդգրկված չորս պատգամավորից Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը «Պատիվ ունեմ»-ին չեն սատարի, իմփիչմենթին կողմ են, բայց միայն իրենց թեկնածուով, որը «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն է:

«Մենք 2 նպատակ ենք հետապնդում. մեկը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, մյուսը՝ 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը: Այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը ամենանպատակահարմարն է ու ընդունելի և՛ «Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերների համար, և՛ «Հայաստան» դաշինքի համար, և՛ «Պատիվ ունեմ» դաշինքի համար, և՛ արտախորհրդարանական շատ ուժերի համար», - ասաց Աղազարյանը:

«Պատիվ ունեմ»-ին չի աջակցի նաև «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը: Պատգամավորն «Ազատության»-ը հայտնեց՝ չի ուզում մասնակցել մի գործընթացի, որի ծագման պատճառները անհայտ են և ուղղված չեն Փաշինյանին պաշտոնանկ անելուն: Ազգային ժողովի նիստերից բացակայող չորրորդ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու, այլ նաև նախագիծն Ազգային ժողով մուտք անելու համար բավարար ձայներ չունեն:

ՔՊ-ում գործընթացով մտահոգված չեն

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» գործընթացով մտահոգված չեն: Տարածքային կառավարման ՔՊ-ական նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր պնդեց՝ ընդդիմությունը տապալվելու է:

«Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է՝ 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու», - ասաց Խուդաթյանը:

Նախաձեռնության հեղինակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ գործընթացն առաջին հերթին իշխանափոխության մասին է և իրենք ամեն կերպ փորձելու են հասնել դրան: Վստահեցրեց՝ ունեն ծրագիր, հաշվի են առել բոլոր ռիսկերը:

«Խորհուրդ կտամ ՔՊ-ականներին շատ սուր հայտարարություններ հիմա չանեն իրենց ղեկավարներին, իրենց տերերին հաճոյանալու համար, որովհետև մեկ էլ տեսար հետագայում ստիպված լինեն ջնջել այդ հայտարարությունները ու բացատրել, թե ինչ նկատի ունեին ու հիմա ինչի են տրամագծորեն հակառակ հայտարարություններ և գործողություններ իրականացնում, - ասաց Մամիջանյանը և նշեց, - երբ որ դու նախապատրաստում ես որևէ ծրագիր, մասնավորապես իշխանափոխության ծրագիր, այո, դու պարտավոր ես բոլոր հավանականությունները մաքսիմալի հասցնել հաջողության, նվազեցնել բոլոր ռիսկերը: Բայց երբ որ ծրագրի գործարկմանն ես արդեն անցնում, ես երբեք իմ մտքում այդպիսի հավանականություններ չեմ հաշվել՝ ինչքան է հավանականությունը, կստացվի, թե՝ ոչ: Սա կռիվ է, սա պայքար է, ու մենք պարտավոր ենք դրանում ուժերի ամբողջ լարումով ներգրավված լինել»:

Ամիսուկես առաջ էլ Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանն էր վստահեցնում, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է և իրենք դա անելու ծրագիր ունեն: Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ եթե նախաձեռնողները անվստահության գործընթացում չհաջողեն, կշահի միայն իշխանությունը:

«Եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը», - ասաց Խաչատրյանը:

Հայկ Մամիջանյանն էլ նշեց. - «Եթե քո նպատակը երկրում իշխանափոխությունն է, ապա դու դրան պատրաստ ես ծառայեցնել ամեն ինչ, այդ թվում նաև քո անհատական կամ խմբային, կուսակցական ռեյտինգը: Երբ մենք սկսում ենք որևէ գործընթաց, մեր հաշվարկների մեջ չկա, լավ, իսկ սրա արդյունքում ռեյտինգը կնվազի, թե կպակասի»:

Թե կոնկրետ ի՞նչ մեթոդներով է Հանրապետականը պարտադրելու իշխանական պատգամավորներին միանալ նախաձեռնությանը և ո՞րն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նրանց ծրագիրը, Մամիջանյանն այսօր միայն ասաց՝ դեռ փակագծեր չեն բացի: Իսկ խորհրդարանական հերթական ընտրություններին մեկ տարի է մնացել:



XS
SM
MD
LG