Արցախցի պատգամավորները շարունակում են ակտիվ քննարկումները, որ լուծում գտնեն ու Արցախը նոր նախագահ ունենա: Սամվել Շահրամանյանի լիազորություններն ավարտվել են անցած ամիս, նախագահ ընտրելու վերջնաժամկետը մայիսի 31-ին էր, չեն հասցրել:
«Մենք ժամկետը բաց ենք թողել թեկնածու չգրանցվելու արդյունքում և հիմա այդ իրավիճակը շտկելու համար մասնագիտական խորհրդատվություններ ենք անում՝ ինչպես կարելի է կարգավորել այդ իրավիճակը», - ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավորը վստահեցնում է, թեև ժամկետը բաց են թողել, բայց Արցախի նախագահի էջը չեն փակել: Նախագահի ինստիտուտը պետք է շարունակի գործել ու, ասաց՝ անպայման լուծում կգտնեն:
«Շահարկումները, որ նախագահի ինստիտուտը վերացել է չկա, էդպես չի, գործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը», - ասաց Հակոբյանը:
Իսկ ինչո՞ւ այս ժամկետում չեն հաջողացրել նոր նախագահ ընտրել կամ երկարաձգել գործողի լիազորությունները: Մետաքսե Հակոբյանն ասաց՝ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել: Իսկ հնարավո՞ր է Հայաստանի իշխանությունից ճնշում է եղել, որ կանգ առնեն, պատգամավորը չհերքեց: Վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտնել է իր բացասական վերաբերմունքը Արցախի վտարանդի կառավարության վերաբերյալ:
«Այդ հոխորտանքները կան, ճնշումները կան, շանտաժը կա: Բնականան է՝ իրենք փորձում են բոլոր ձևերով այդ ճնշումներն իրականացնել: Իրենք նաև, ցավոք սրտի, պետք է փաստեն, որ արցախցիների շրջանում կան մարդիկ, որոնք այսօր սպասարկում են նաև այս իշխանությունների շահերը՝ նույն նյութական շահից ելնելով», - նշեց Մետաքսե Հակոբյանը:
Կփակվի՞ Արցախի նախագահի էջը, թե՞ մի ճանապարհ կգտնեն, որ այդ ինստիտուտը շարունակի գործել, կերևա առաջիկա օրերին: Մետաքսե Հակոբյանն ասաց՝ հայտարարություն կանեն. - «Քննարկումները հենց դրա շուրջ են՝ ինչպես իրականացնել այդ ընտրությունները, որոնք առայսօր չեն կայացել»:
Սամվել Շահրամանյանն այսօր ևս հարցաքննվել է
Պատգամավորը չի բացառում, որ Սամվել Շահրամանյանին ինտենսիվ Քննչական կոմիտե կանչելն ու հարցաքննելը քաղաքական դրդապատճառով է. - «Երբ ինչ-որ ակտիվություն է սկսվում արցախյան կողմում, սկսում են թիրախավորվել ինչ-որ անձինք»:
Սամվել Շահրամանյանին այսօր էլ էին կանչել Քննչական կոմիտե: Չորս ժամ հարցաքննել են: 2023-ի պատերազմի ժամանակ պաշտոնական անփութության ու զենք զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով են Արցախի վերջին նախագահին ակտիվ Քննչական կանչում: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա է քրեական վարույթը հարուցվել երկու տարի առաջ, բայց Շահրամանյանին հիշեցին մայիսի կեսերից, երբ արդեն ակտիվ քննարկվում էր նախագահական ընտրությունների թեման: Պատգամավոր Հակոբյանը սա զուգադիպություն չի համարում:
Սամվել Շահրամանյանը Քննաչակնից հեռանում է մեքենայով. լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեն: Քննչական կոմիտեն էլ այս գործի մասին տեղեկություններ չի հաղորդում:
Արդյոք մյուսների՞ն էլ են նույն ակտիվությամբ Քննչական կանչում: Փաստաբան Ռոման Երիցյանը չասաց, նրա կարծիքով, քաղաքական մոտիվներ չկան, պարզապես գործի բարդության պատճառով է Արցախի վերջին ղեկավարը ժամերով Քննչականում անցկացնում:
Սամվել Շահրամանյանի փաստաբանը, թեև համոզված է, որ քաղաքական դրդապատճառով չեն նրան այսքան հաճախ Քննչական հրավիրում, բայց չի բացառում, որ մեղադրանք էլ կառաջադրեն:
Մեկ այլ քրեական գործով էլ, որը Սամվել Շահրամանյանին չի առնչվում նրա նրան սպասարկող մեքենան են առգրավել ու մեկ տարի է քննիչները չեն վերադարձնում: Այս մեքենայի պատմությունը փաստաբանը կապում է ուղիղի քաղաքականության հետ ու կարծում է, որ Հայաստանի իրավապահները նրան մեքենայից դիտավորյալ են զրկել: