Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդն այլևս Կաթողիկոս չէ վարչապետի համար. «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»

Լրացված

Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, 21-ը ապրիլի, 2019թ.
Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, 21-ը ապրիլի, 2019թ.

Գարեգին Երկրորդն այլևս Ամենայն Հայոց կաթողիկոս չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը. Վեհափառին ուղղված՝ «զավակ ունե՞ք» անպատասխան հարցից հետո Փաշինյանը նրան է դիմում աշխարհիկ անուն-ազգանունով.

«Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի: Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ: Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս: Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»:

Նիկոլ Փաշինյանը 11-րդ օրն է շարունակում է հակակաթողիկոսական արշավը,
այժմ արդեն հստակ պնդմամբ՝ եկեղեցին պետք է ունենան նոր կաթողիկոս, որի բարեվարքությունը ստուգված կլինի ընտրություններից առաջ: Սրան հասնելու համար վարչապետը կոչ է անում հավատավորներին.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու քայլեր Փաշինյանը դեռ չի շարադրել, չի պատմել նաև, թե ի՞նչ ճանապարհով է իրեն հայտնի դարձել, թե կաթողիկոսը զավակ ունի:

Մայր Աթոռից հոգևորականներ են արձագանքում՝ լայնածավալ պատերազմական գործողություններին հակահարվածի տրամադրվածությամբ: «Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բա՞կն եք արյամբ ուզում լցնել», - գրում է Ասողիկ աբեղա Կարապետյանը,- «Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Ո՞ւր եք, երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք, պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր, մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ»:

Մայր Աթոռի թանգարանների ու արխիվի տնօրենը շեշտում է՝ ոչ մի եկեղեցական թույլ չի տա, որ «պիղծ անձերը ազգընտիր Հայրապետի վրա սուր բարձրացնեն»: Տեր Ասողիկ աբեղան նաև ակնարկում է, որ չկա մի սրբազան, որ կհամաձայնի Գարեգին Երկրորդի փոխարեն կաթողիկոսի գահին հավակնել. - «Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»:

Մայր Աթոռից պաշտոնական որևէ հայտարարություն չի հնչել ի պատասխան վարչապետի վերջին պնդման, թե կաթողիկոսը պետք է ազատի Վեհարանը, հոգևոր վերնախավը նոր ժողովի չի հավաքվել:

«Մենք սուրբեր չենք, եկեղեցին ղեկավարվում է անսուրբ մարդկանց կողմից, էդպես է կամեցել Աստված»

«Քամին մրսեց, քամին մրսեց». - Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այ այսքան թեթև է վերաբերվում տեղի ունեցողին: Պնդում է՝ այն, ինչ իշխանությունն անում է, Աստծո կամքի դեմ է. - «Ձեզ տրված չի դատելու իրեն, իր դատավորը Աստված է: Դուք Աստծո տեղ եք դրել ձե՞զ»:

Իրենք մեղավորներ են, այո, Միքայել սրբազանը չի հերքում, բայց բացատրում է՝ Աստված է այդպես որոշել, թե չէ հոգևորականների գործը իր հրեշտակներին կհանձնարարեր. - «Քա՞նի անգամ ասենք՝ մենք սուրբեր չենք, եկեղեցին ղեկավարվում է անսուրբ մարդկանց կողմից, էդպես է կամեցել Աստված»:

Իշխանության ու իրենց միջև վիհը խորանում է, դարձի գալու նշաններ չկան, արձանագրում է Շիրակի թեմի առաջնորդը: Չի բացառում, որ ակցիաներ կսկսվեն Մայր Աթոռի տարածքում, ու անհանգիստ չէ:

«Դուք ուրեմն աննախադեպ ինչ-որ բան եկեղեցում տեսնո՞ւմ եք: Ինչ-որ շարժ, բան, որ հոգևորականները չգիտեմ ինչ, բարիկադներ են սարքում, ինչ-որ, դիրքավորվում ... Եկեղեցին հանգիստ շարունակում է իր առաքելությունը», - ընդգծեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Գարեգին Երկրորդ կաթողիկոսին գահից իջեցնելու մի ջանք արդեն տապալվել է, Փաշինյանի իշխանության գալուց հետո անմիջապես «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ձևավորվեց: Մի խումբ ակտիվիստներ ու նրանց թվում նաև մի քանի հոգևորականներ բորբոքված պնդում էին՝ Գարեգին Երկրորդը կոռումպացված է, բիզնեսներ ունի: Որ կուսակրոնության ուխտի հետ խնդիր կա, այս մասին խոսք չկար:

Ակտիվիստները նաև գործողությունների էին դիմում, քաշքշել էին Գնդեվանք ուխտի մեկնած Վեհափառին, շրջափակել նրա մեքենան։ Մտնում էին դիվանատուն՝ նստացույցի:

Նոր Վեհափառ պահանջող այս խմբի գործողություններին արձագանքել էր նաև Նիկոլ Փաշինյանը. - «Մենք էստեղ ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք, առայժմ դա դուրս չի եկել եկեղեցու սահմաններից՝ իմ տպավորությամբ»:

«Որովհետև Եկեղեցին իրեն ասել է՝ «աչքիդ վերևը հոնք կա»

Փաշինյանի իշխանության առաջին երկու տարում, մինչև 44-օրյա պատերազմը փոխադարձ կսմիթներ կային, բայց ընդհանուր առմամբ Վեհափառն ու վարչապետը երևում էին միասին, ժպտում: Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան տորթի մոմերն էր փչում Մայր Աթոռում, նվեր ստանում Գարեգին Երկրորդից. - «Միակ նվերի հեղինակը, որը ես չկարողացա չընդունել, Վեհափառ Հայրապետն էր, ով ինձ Նոր Կտակարան նվիրեց»:

Պատերազմից ուղիղ մեկ ամիս անց Եկեղեցին միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, դա ձևակերպեցին որպես «հայրական հորդոր», Էջմիածինը պնդում էր՝ քաղաքականության հետ գործ չունեն՝ ազգային շահն է մղում:

«Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն Եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցությանը», - ասում էր Վեհափառը:

Հետո Մայր Աթոռի արքեպիսկոպոսը հանրապետության գլխավոր հրապարակում վարչապետի հրաժարականն էր պահանջում, ճիշտ է՝ Բագրատ սրբազանի հոգևոր ծառայությունն այդ ժամանակ Մայր Աթոռը կասեցրեց:

Այժմ հոգևորականները վստահ են, որ Էջմիածնում Փաշինյանի սկսած հեղափոխության պատճառը հենց իր հրաժարականի պահանջն է:

«Որովհետև Եկեղեցին իրեն ասել է՝ «աչքիդ վերևը հոնք կա», - պնդեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նիկոլ Փաշինյանը այսօր, երբ ինքն իր համար արդեն գահընկեց է արել Վեհափառին, շեշտում է՝ այս ամենն անում է, որովհետև խանդաղատանքով է վերաբերվում հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, ուստի նորընտիր կաթողիկոս է պետք:

Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը շաբաթ օրը Հայաստանի առաջին նախագահին ընդունելուց, նրա աջակցությունն ստանալուց հետո մեկնել է
Արաբական Միացյալ Էմիրություններ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումներ ունի Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու և Հայոց ճեմարանի հոգաբարձուների հետ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG