Մատչելիության հղումներ

Իսպանիան չեղարկել է հակատանկային հրթիռային համակարգերի գործարքը Իսրայելի հետ


Իսպանիա - Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով ցույց Մադրիդում, 5-ը հոկտեմբերի, 2024թ.
Իսպանիա - Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով ցույց Մադրիդում, 5-ը հոկտեմբերի, 2024թ.

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Իսրայելի հետ գործարքը հակատանկային հրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ։

Զինտեխնիկան նախատեսում էր արտադրել Մադրիդում գործող իսրայելական ընկերության դուստր ձեռնարկությունը, հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ գործարքի արժեքը կազմում է 285 միլիոն եվրո։

«Նպատակը հստակ է՝ ... իսրայելական տեխնոլոգիաներից լիակատար անջատում», - լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Իսպանիայի կառավարության խոսնակ Պիլար Ալեգրիան՝ հավելելով, որ կառավարությունն այժմ ուսումնասիրում է «չեղարկման հետևանքները»։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեռևս հրապարակավ չի արձագանքել Մադրիդի որոշմանը։

Իսպանիան գործարքը հաստատել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Իսրայելի հարավում «Համաս»-ի գլխավորած զինյալների հարձակումից չորս օր առաջ։

Եվրամիության անդամ երկրի ձախակողմյան կառավարությունը Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ֆոնին հայտարարել է, որ դադարեցնում է զենքի արտահանումը Իսրայել։ Իսպանիայի կառավարությունը պատերազմի ֆոնին նաև պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը։
Իսպանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը ՄԱԿ-ի բարձր դատական ատյան՝ Արդարադատության միջազգային դատարան է դիմել՝ թույլ տալու միանալ Հարավային Աֆրիկայի կողմից հարուցված գործին, որն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG