Շղթայական ավտովթար Արարատի մարզում՝ վարչապետի ավտոշարասյան անցնելուց վայրկյաններ անց: Շարասյան հեռանալուց անմիջապես հետո մի վարորդ փորձում է շրջադարձ կատարել, նույն ճանապարհով ընթացող մեկ այլ ավտոմեքենա չհասցնելով արգելակել նախ դրան է բախվում, ապա հարվածում ճանապարհի աջ մասում կայանված պարեկային ծառայության մեքենային:
Երեք մարդ վնասվածք է ստացել, երկուսն արդեն դուրս է գրվել, երրորդ պարեկը դեռ հիվանդանոցում է, վիճակը բավարար է:
Պատահարի մասին տեղեկությունները ակտիվորեն տարածվեցին, կառավարությունից էլ շտապեցին հերքել ավտովթարին վարչապետի շարասյան մասնակցությունը: Նախ անձամբ վարչապետի խոսնակը նման գրառում արեց, ապա նույնը պնդեց Ներքին գործերի նախարարությունը:
Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ վթարը հաջորդում է ավտոշարասյան նույն վայրով անցնելուն:
«Ուղեկցող խումբն իր աշխատանքը ճիշտ չի կատարում և արդյունքում սենց խնդրի առաջ ենք կանգնում» , - կարծում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը:
Վարչապետին կամ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող մեքենաների տեղաշարժը հատուկ կագով է իրականացվում: Ուղեկցող պարեկները նախ մյուսներին են հորդորում կանգնել, հետո նոր միայն մեծ արագությամբ անցնում է շարասյունը:
Նման դեպքերում պետք է ճանապարհը շատ անվտանգ դարձնել, այլ ոչ բարձր արագությամբ սլացող մեքենաների մոտենալուց անմիջապես առաջ փորձել կարգավորել երթևեկությունը: Պարեկների թերացումն է, ընդգծում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը:
Երեկ պարեկները ոչ թե րոպեներ, այլ վայրկյաններ առաջ են հորդորում աջ քաշել-կանգնել: Ոստիկանի հորդորից ընդամենը 52 վայրկյան անց այստեղով սլանում են շարասյան մեքենաները:
«Իրենք պետք է մի փոքր շուտ արդեն համոզված լինեն, որ ճանապարհն անվտանգ է ու կարող են այդպես բարձր արագությամբ գան-անցնեն», - ասաց Քեյանը:
Երեկ տեղի ունեցածը շատ ավելի ողբերգական ավարտ կարող էր ունենալ, ասում է Քեյանն ու շեշտում՝ շարասյունն ուղեկցող պարեկները պետք է ավելի պրոֆեսիոնալ լինեն. - «Ոչ միայն այդ հատվածով երթևեկող մարդկանց անվտանգությունն է այստեղ կարևոր, այլ նաև ում ուղեկցում ես, այդ մարդու անվտանգությունն էլ է կարևոր, ուղեկցող խմբի անվտանգությունն էլ: Որովհետև այդ մարդիկ գիտակցում են, որ ճանապարհն անվտանգ է ու բարձր արագությամբ երթևեկում են, գիտակցում են, որ իրենց ճանապարհն արդեն ինչ-որ խումբ գնացել է ու դարձրել է անվտանգ»:
Ներքին գործերի նախարարությունից, մինչդեռ, այս քննադատությունը չեն ընդունում՝ ընդգծելով, որ եթե շատ ավելի վաղ մյուս մեքենաներին կանգնեցնեն երթևեկությունը կտուժի և այդ դեպքում իրենց կմեղադրեն, թե ինչու են ճանապարհն անհարկի փակում:
ՆԳՆ խոսնակի պնդմամբ՝ կոնկրետ այս վթարը վարչապետի ավտոշարասյան հետ որևէ կապ չունի:
Երեք տարի առաջ վարչապետի շարասյան մեքենայի հարվածից Երևանում մահացավ 28-ամյա Սոնա Մնացականյանը: Երիտասարդ հղի կնոջ մահվան համար մինչ օրս մեղավոր ճանաչված չկա: Մահացածի հարազատները երեք տարի շարունակ պնդում են՝ եթե մինչև վարչապետի ավտոշարասյան անցնելը խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնա Մնացականյանն այդ վտանգավոր գոտում չէր հայտնվի ու կյանքը չէր կորցնի: