Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներից պետք է ազատվել, Երևանի Պետական համալսարանում երեկվա փակ հանդիպմանը ներկա ուսանողների փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը: Ավելին՝ նրանցից մեկը մեջբերեց Փաշինյանի կոնկրետ հայտարարությունը.
«Կասկածի տակ դրեց շատերի կուսակրոնությունը, այդ թվում՝ Գարեգին Բ-ի կուսակրոնությունը և տարբեր թեմերի առաջնորդների կուսակրոնության հարցը, և նշեց, ասեց, որ առաջինը մեզ է ասում որպես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ և ստուգել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը», - պատմեց Հովհաննես Շամրիկյանը:
Տրվե՞լ է նման հանձնարարական, իրավապահ ո՞ր կառույցին է դիմել Նիկոլ Փաշինյանը և կոնկրետ ի՞նչ է հանձնարարել, «Ազատության» այս հարցերին վարչապետի խոսնակը ծանոթացել է, բայց դեռ չի արձագանքել:
Մոտ մեկ շաբաթ է՝ եկեղեցի-իշխանություն հարաբերությունները կրկին լարվել են: Հոգևորականների վերաբերյալ վարչապետի աղմկահարույց գրառումները չեն շրջանցվել նաև Պետական համալսարանի ուսանողների հետ փակ հանդիպմանը: Կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ հոգևորականներին և մասնավորապես Վեհափառ Հայրապետին քննադատելուն զուգահեռ, Փաշինյանը նաև նշել է, թե որն է այս իրավիճակում իր պատկերացրած լուծումը. - «Պաշտոնից ազատում և փոխարինում»:
Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններից վրդովված են նաև համալսարանում: Այդ հայհոյախառն գրառումների պատճառով նրա այցին ընդառաջ անգամ կոչեր են հնչել բոյկոտել վարչապետի հետ հանդիպումը, պատմում է մասնակիցներից Հովհաննես Շամրիկյանը:
«Առավել ևս եկեղեցու հետ կապված այս կոնֆլիկտի ֆոնին, դե քրիստոնյա երկիր ենք, շատ հավատացյալ մարդիկ ունենք, իրենք հիմնականում շատ էին վիրավորված ու նույնիսկ Փաշինյանի անունը չէին ուզում լսել», - նշեց ուսանողը:
Քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողը երեկ մոտ երեք ժամ լսել է վարչապետի ելույթը հենց նրա հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին: Մասնակցելուց առաջ երկար է մտածել, ի վերջո որոշել է գնալ և անձամբ երկրի ղեկավարից փորձել ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Արցախի կորստից է հետաքրքրվել և հարցրել՝ եթե Փաշինյանը վերադառնար 2018 թվական և իմանար, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, նորից հեղափոխություն կանե՞ր: Այո՛, չի տատանվել վարչապետը: Բայց ապագա քաղաքագետին առավել շատ մի միտք է փոթորկել. - «Արցախի հետ կապված նա մի այսպիսի միտք հնչեցրեց, որ երբ մենք կորցրեցինք Արցախը, մենք վերջապես ստացանք Հայաստանի Հանրապետության անկախությունը»:
Սա լսելուց հետո Հովհաննեսը փորձել է շարունակել թեման և պարզել՝ Փաշինյանի այս հայտարարությունն արդյոք նշանակում է, որ նախորդ երեք տասնամյակներին Հայաստանն անկախ չի եղել, բայց վարչապետն ուսանողին հորդորել է իրեն չընդհատել:
«Ես պոլիտկոռեկտությունից ելնելով չընդհատեցի իրեն, սակայն, կարծում եմ, դա մի քիչ տհաճ էր լսելը ինձ համար և այնտեղ նստած ուսանողության և դասախոսության համար», - ասաց Շամրիկյանը:
Հանդիպումը պակաս շոկային չի եղել նաև կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի համար: Կրթական խնդիրների քննարկման ակնկալիքով հանդիպմանը մասնակցած այս ուսանողը նախապես տեղյակ չի եղել, որ օրակարգը վարչապետի հեղինակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է: Իմանար՝ կհրաժարվեր մասնակցությունից:
«Ես լրիվ այլ սպասելիքներ ունեի, հակառակ դեպքում դժվար ներկա գտնվեի: Պարբերաբար այդ ամենը կարելի էր լսել նաև հեռուստացույցով, լուրերի շրջանակներում, կամ պարզապես Ֆեյսբուքում տեսնել: Ուղղակի այդ ամենը ներկայացվում էր հավաք կերպով, որը մեկ տեղում ավելի շոկային էր երբեմն հնչում, երբեմն՝ շատ ձանձրացնող», - նշեց ուսանողուհին:
Ամեն դեպքում, Լիլիթը փորձել է քննարկման ընթացքում թեման տանել դեպի կրթություն: Ինքն ամեն օր համալսարան հասնելու համար Արարատից Երևան ճանապարհներին օրական մոտ չորս ժամ է ծախսում, պատմել է այս մասին նաև վարչապետին, հարցրել՝ հնարավո՞ր է ավելացնել ուսանողական հանրակացարանների թիվը, կամ առաջադիմությունից կախված՝ պետությունը աջակցի ուսանողներին բնակարանների վարձավճարների հարցում:
«Եվ այս ամենին շատ կտրուկ և հեգնաբար հաջորդեց հարցը, թե ես որտեղի՞ց եմ գալիս, գնում, և երբ պատասխանը հնչեց իմ կողմից, ասվեց, որ ինքը եկել է այդ ճանապահով հեծանվով և այդ ճանապարը համարում է հեծանվորդների համար դրախտավայր: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե մոտ 120 կմ օրվա ընթացքում, համակարգիչով, գրքերով, տետրերով, շոգին, անձրևին, ձյանը՝ նման պայմաններում ինչպե՞ս է կարելի գալ-գնալ, ու պլյուս այդ ճանապարհին ժամանակին ծախսելով, կամ հոգնածության հարցը», - ընդգծեց Լիլիթը:
Նրանք, ովքեր վարկով հեծանիվ կգնեն և այդպես դասի կգնան, Կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները: Լիլիթն առաջին հերթին մի հանգամանք է կարևորում՝ ժամանակն այդպես կծախսվեր ոչ թե սովորելու, այլ հեծանիվ վարելու վրա: Վարչապետը հեծանվով դասի գնալու իր առաջարկի վերաբերյալ ուսանողի արձագանքը չի էլ լսել. - «Չեղավ նման հարց՝ «արդյոք ես բավարարեցի ձեր հարցին», կամ մի ուրիշ բան: Ոչ»:
Վարչապետի հետ շփումից հետո Լիլիթ Հարությունյանը պետք է քննություն հանձներ, բայց դա արել է այսօր: Ասում է՝ երեկվա հանդիպումից հետո ի վիճակի չի եղել: Վարչապետն, ի տարբերություն «Իրական Հայաստանի» մասին նախորդ հանդիպումների, այս անգամ ԵՊՀ-ից 40-վայրկյանանոց համր տեսանյութ է տարածել: