Վրաստանով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, թեև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր՝ դրական տեղաշարժ կա, Հայաստանի միջամտությամբ մի քանի մեքենաներ արդեն անցել են վրացական սահմանը:
«Պռոշյանի գինու և կոնյակի» գործարանի 29 բեռնատարներներ ավելի քան 50 օր վրացական մաքսակետում էին՝ խմիչքի որակն էր ստուգվում: Պապոյանի հայտարարությունից հետո, 13 բեռնատար շարժվել է դեպի Ռուսաստան։ Գործարանի արտահանման մասնագետ Վահրիճ Մինասյանն ընդգծում է՝ հիմնական հարցը դեռ մնում է անպատասխան․ ինչո՞ւ է Վրաստանը որակի ստուգում իրականացնում, եթե իրենց ապրանքը ռուսական շուկայում է վաճառվում:
«Այլ խնդիր էլ կա, - ասաց Մինասյանը և նշեց, - խնդիրն արդեն մնում է անալիզի ժամկետը, որ տևում է ամիս, ամսից ավելի: Չկա դեպք, որ լինի երկու օր, չորս օր կամ հինգ օր: Նոր մեքենա, նոր խմբաքանակ առայժմ չենք ուղարկել, բոլոր մեքենաները գնացել են, որը մաքսակետում է, որը դուրս է եկել ճանապարհին է, երբ որ նոր խմբաքանակն ուղարկենք ավելի հստակ ինֆորմացիա կունենանք՝ ինչ է իրականում կատարվում»:
Խնդիրը լուծելու համար, նախ էկոնոմիկայի նախարարը պետք է գնար Վրաստան, բայց չգնաց ու պնդեց՝ իր գնալով հարց չէր լուծվելու: Հետո Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հունիսի 6-ին Վրաստանի գյուղնախարարը պետք է գար, բայց նա էլ չեկավ, պաշտոնական բացատրությունն էլ վրացի պաշտոնյայի զբաղվածությունն էր:
Այսօր էկոնոմիկայի նախարարությունից չպատասխանեցին «Ազատության» հարցերին՝ ի վերջո պարզեցի՞ն, թե ինչ խնդիր կա, արդյոք վրացական կողմը շարունակելո՞ւ է Ռուսաստան գնացող հայկական կոնյակի որակը ստուգել, եթե այո՝ դա կրկին ամիսնե՞ր կտևի:
Բայց նախորդ շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր որոշ ակնարկներ արել, թե նաև օբյեկտիվ խնդիրներ կան. - «Խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են առաջացվում, խնդիրներ էլ կան, որոնք այնուամենայնիվ շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր»:
Ապրիլի վերջից ծագած այս խնդիրն հետևում է «Սոցիալ տնտեսական կենտրոնի» նախագահ Գագիկ Մակարյանը: Փորձագետը կարծում է՝ հայկական կողմը լավ գիտի, թե ինչ խնդիր կա, պարզապես գուցե չեն ուզում իրավիճակն ավելի գրգռել: Մակարյանն ասաց՝ գործարարները բողոքի ակցիաներով ու միջազգային կազմակերպություններին հասցեագրված նամակներով փորձել են հարցին հնչեղություն տալ, բայց միևնույնն է պատասխան չեն ստացել:
«Բարձր պաշտոնական մակարդակով պետք է շատ կոնկրետ խոսվի, այստեղ միջնորդների անհրաժեշտություն չկա, ընդամենը մի հեռախոսազանգով կարելի էր ուղղակի հասկանալ, թե վերջին հաշվով դուք ինչի՞ համար եք դա անում, ի՞նչ եք ուզում ասել: Նման ստուգումները երբեք այդքան երկար չեն տևում», - ասաց Մակարյանը:
«Ազատության» հարցին՝ «բարձր մակարդակով ասելով նկատի ունեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարե՞ր», փորձագետը պատասխանեց. - «Վարչապետ լիներ, կարող է նախագահ լինել, կարող է փոխվարչապետ էլ լինել, կարող է վերջին հաշվով նաև նախարար լիներ, այդ թվում ՝ արտգործնախարարը, էկոնոմիկայի նախարարը, մեր դեսպանությունը պետք է որոշակի այնտեղ աշխատանքներ կատարի ու փորձի դա կանոնակարգել»:
Վրացական կողմի պատասխանը մեկն է՝ ժամկետների ձգձգում չկա, մաքսային սովորական ընթացակարգ է: Գագիկ Մակարյանը հակադարձում է՝ սա Հայաստանի դեմ տնտեսական տեռոր է, ոչ թե սովորական ընթացակարգ: Ըստ նրա՝ Վրաստանը խախտել է տրանզիտային բեռների ազատ տեղաշարժի իրավունքը՝ դեմ գնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:
«Վրաստանից նույնպես ապրանք է ներմուծվում Հայաստան, թող մերոնք էլ նույնն անեն՝ ամիսներով սպասեցնեն ապրանքը մեր անցակետում ու կրկնեն՝ սովորական ընթացակարգ է», - ասում է Մակարյանն ու հավելում՝ եթե մինչև այսօր կարծում էր, ադրբեջանական կոնյակով է ռուսական շուկան լցվելու, հիմա կասկածները վրացական կողմ են տանում:
«Վրացական կողմը մեր կոնյակների փաստաթղթերը ստուգելով, նաև լաբորատոր ստուգումներ կատարելով տիրապետում է, փաստորեն, կոմերցիոն գաղտնիքների, որոնք հայկական կոնյակը պարունակում է: Այսինքն՝ որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ քանակով է գնում, ինչ գբով է վաճառվում, կոնյակի որակը ինչպիսին է: Այսինքն՝ իրենք այս ամբողջ ինֆորմացիան հավաքելով, կարծում եմ, որ մի օր կօգտագործեն այլ նպատակների համար, որովհետև գաղտնիք չէ, որ Վրաստանը նույնպես շահագրգռված է, զարգացնում է հիմա կոնյակի արտադրության ծավալները: Ենթադրում եմ, որ սա կոմերցիոն գաղտնիքը, շուկայի տեղեկությունները գողանալու ձև է», - ընդգծեց նա:
Կոնյակի հարցը դեռ չլուծված՝ նախորդ շաբաթ էլ ռուսական կողմը Երևանին զգուշացրեց խստացնել ծաղիկների ստուգումը, հակառակ դեպքում, հունիսի 16-ից ժամանակավորապես կարգելեն Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը: «Ռոսսելխոզնադզորը»-ի պնդմամբ՝ երրորդ երկրից վարակված ծաղիկներ են մտել Ռուսաստան, բայց դրանք ունեցել են հայկական սերտիֆիկատ:
Այս հայտարարության հաջորդ օրն էլ Վրաստանն է խոշոր խմբաքանակի սեզոնային ծաղիկներ հետ ուղարկել Հայաստան:
Պաշտոնական պատասխանի համաձայն՝ Հայաստանից Վրաստան փորձել են ներմուծել շուրջ 10 հազար կտրված ծաղիկ, սակայն դրանք վերադարձվել են, քանի որ բույսերի վրա հայտնաբերվել են վնասակար միջատների ախտահարում։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասում է՝ մամուլում շրջանառվող հիմնավորումներն ու պատճառներն իրենք պաշտոնապես չեն ստացել ոչ Ռուսաստանից, ոչ էլ Վրաստանից: Հարությունյանն ընդգծեց՝ ոչ թե 10 հազար ծաղիկ է վերադարձվել, այլ՝ «ընդամենը 700-ն է վերադարձվել, իսկ 10 հազար 300 հատ ծաղիկ մտել է Վրաստանի Հանրապետություն: Վերադարձվել է առանց որևէ բացատրության, առանց որևէ փաստաթղթի»:
«Որևէ փաստաթուղթ տնտեսվարողին չի վերադարձվել, և ինքն էլ կարծես թե այնքան էլ դժգոհ չէ, որովհետև ամբողջ 11 հազարից ընդամենը 700-ն իրեն վերադարձվել է, 10 հազար 300 ծաղիկը մտել է Վրաստանի Հանրապետություն», - նշեց Անուշ Հարությունյանը:
Ծաղիկ արտահանող ընկերությունից հրաժարվեցին մեկնաբանություններից:
Հայաստանը Էկվադորից հետո Վրաստան ծաղիկ ներմուծող երկրորդ խոշոր մատակարարն է։ Միայն այս տարվա չորս ամիսներին Հայաստանից 1,3 մլն դոլարի ծաղիկ է ներմուծվել: 50 տոկոսով էլ աճել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը: Անցյալ տարի Հայաստանը եղել է Ռուսաստանին ծաղիկ մատակարարող երկրորդ խոշոր երկիրը՝ Նիդերլանդներից հետո։
Ի թիվս այս խնդիրների՝ նախորդ շաբաթ էլ Վրաստանն արգելել էր, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո: «Որ հայ-վրացական հարաբերություններում մի բան այն չէ՝ հաստատ է, բայց թե ի՞նչ դեռ պարզ չէ», - տարբեր եզրահանգում են փորձագետները: