«Իրանի ծրագիրը խաղաղ է, միջուկային զենքն՝ անընդունելի». Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկրի համար միջուկային զենքն «անընդունելի» է՝ վերստին պնդելով, որ Թեհրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ, քաղաքացիական բնույթ է կրում։

Արևմտյան կառավարությունները վերջին տարիներին պարբերաբար կասկածներ են հայտնում, որ Իրանը ձգտում է զարգացնել միջուկային զենքի կարողությունները՝ իր ոխերիմ թշնամու՝ Իսրայելի զինանոցին հակազդելու համար։

«Եթե խնդիրը միջուկային զենքն է, այո, մենք նույնպես այս տեսակի զենքը անընդունելի ենք համարում», - հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

Արաղչիի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշումը, որ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»։ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ հույս էր հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շուտով համաձայնության կհասնեն։

Դիվանագիտական հարաբերություններ չունեցող Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ միջուկային նոր գործարք կնքելու նպատակով, որը կփոխարինի գերտերությունների հետ կնքված համաձայնագրին, որից Վաշինգտոնը դուրս է եկել Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ՝ 2018 թվականին։