Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը:

Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը: Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը:

Your browser doesn’t support HTML5

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց, որն իր կարգավիճակով ավելի ցածր է, բացմանը մասնակցող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասաց, թե հարցը հոռետեսական է ձևակերպված:

«Սա իրապես քաղաքական շատ կարևոր արձանագրում է, որ այսօր Ֆրանսիան Գորիսում և ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում բացում է հյուպատոսական գրասենյակ, որը ղեկավարվելու է պատվո հյուպատոսի կողմից», - պատասխանեց նա:

Նախարարի տեղակալն ասաց, թե պաշտոնապես երբեք չի ասվել, որ Ֆրանսիան Սյունիքում պետք է բացի գլխավոր հյուպատոսություն: Վահան Կոստանյանի խոսքով՝ կան երրորդ ուժեր, որոնք փորձում են այս թեման և ընդհանրապես տարբեր թեմաների հետ կապված «ստեղծել աժիոտաժ, ստեղծել շատ ավելի մեծ սպասումներ, քան իրականում կան, որպեսզի հետագայում հիասթափություն առաջացնեն քաղաքացիների մոտ»:

Փոխարտգործնախարարը, սակայն, հրաժարվեց ասել, թե որ ուժերին նկատի ունի. «Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասին է խոսքը, այստեղ առավելապես քաղաքական ներկայացվածության և սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը, հյուպատոսական գործունեության որպես այդպիսին, օրինակ՝ վիզաների տրամադրում եթե չեմ սխալվում, չի նախատեսվում»:

Ինչ վերաբերում է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, Վահան Կոստանյանն ասաց, թե խոչընդոտներ չունեն, գործընթացը բնական հունով շարունակվում է, «երբ բացվի, և եթե բացվի, բոլորը, բնականաբար, կտեղեկանան դրա մասին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ». Կոստանյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գորիսը եղել է խաչմերուկում և նորից կդառնա խաչմերուկ». Ֆրանսիայի դեսպան