Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած ժողովին անդրադարձել է, ինչպես իրենք են ձևակերպել, «վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին»:
Այդ կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ «Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով»։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է՝ «եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում»։
Նրանք նշել են, թե «այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում»:
«Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ: Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը»։
Եկեղեցու հարցերը, ըստ Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության, լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից. - «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»։
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղել իրավասու պետական մարմիններին՝ «կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։
«Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության
Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ», - նշված է հայտարարությունում։
Ժողովում քննարկվել են նաև՝ «հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր»։
Իշխանություն - եկեղեցի լարվածության այս նոր փուլը սկսվեց , երբ վարչապետը կառավարության անցած նիստում պնդել էր, թե եկեղեցիները՝ «չուլանացված են»: Նրան արձագանքեցին մի քանի բարձրաստիճան հոգևորականներ, ինչին էլ հետևեցին վարչապետի գրառումները հոգևորականների կուսակրոնության մասին: Այսօր էլ Փաշինյանն իր էջում անգամ կաթողիկոսի կուսակրոնության ուխտն է քննարկման առարկա դարձրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը կասկածի տակ է դնում կաթողիկոսի կուսակրոնությունը