19 քրեական վարույթ՝ 2022-25 թվականներին բանակից կաշառքով ազատվելու վերաբերյալ: Իրավապահները երեք տարի երեք ամսվա ընթացքում կոռուպցիոն հենց այսքան գործ են հարուցել.
«2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել ու քննվել/քննվում է կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ 2 վարույթ, 2023-ին՝ 4, 2024-ին՝ 11, 2025-ի առաջին եռամսյակում՝ 2 վարույթ»:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, Դատախազությունից չեն բացահայտել մեղադրյալներին՝ զինվորականնե՞ր, բժիշկնե՞ր, թե՞ այլ պաշտոնյաներ են գործերում ներգրավված, պատճառաբանելով, որ այդ տեղեկության տրամադրումը օրենքով ենթակա է մերժման:
«Սրանք չնչին թվեր են՝ էս երեք-չորս տարիների ընթացքում 19 քրեական գործը, և դեռ չգիտենք՝ դրանք բացահայտվե՞լ են, թե՞ չեն բացահայտվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Բանակից փողով ազատվելու նախագծի հեղինակը համատարած կոռուպցիայից էր խոսել
Բանակից փողով ազատվելու նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում համատարած կոռուպցիայից էր խոսել: Իր նախաձեռնության հիմնավորման մեջ գրել է, որ վերջին տասը տարիներին զորակոչիկների միայն 30-40 տոկոսն է բանակ գնում: Ըստ պատգամավորի՝ 2010-ին 44 հազար երիտասարդ է զորակոչվել, ինը տարի անց այդ թիվը նվազել է մինչև 24 հազար:
Բանակի խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իշխանական պատգամավորի հնչեցրած ու իրավապահների նախաձեռնած վարույթների թվերը ամենևին չեն խոսում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին. - «Մենք միայն տեսնում ենք, որ բանակում ոչինչ չի փոխվում: Բանակի ներսում պետք է բարեփոխումներ անեն, որ գոնե խոսեն այդպիսի նախագծի մասին, թեև, միևնույն է, անընդունելի նախագիծ է սա: Սա մի նախագիծ է, որը մարդկանց զինծառայության դեմ է, Հայաստանի, ես կարող եմ ասել, ժողովրդի, բնակչության դեմ է այդ նախագիծը: Մի ամիս ծառայող զինվորը ինչպե՞ս պիտի հայրենիք պաշտպանի՝ ինչպես իրենք են հիմա պաշտպանում հայրենիքը, այսինքն՝ չեն պաշտպանում»:
Ներքին գործերի նախարարն էլ ծանոթացավ կաշառքով բանակից ազատվելու գործերի թվին: Արփինե Սարգսյանը շատ լակոնիկ էր՝ դրանք, ըստ նրա, չեն նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է. - «Չի նշանակում»:
«Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Սա կամ նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը», - անցած տարվա հունվարին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա համատարած կոռուպցիա, և հազարավոր քաղաքացիներ ներգրավված են կոռուպցիոն սխեմաների մեջ, և սա չի կարելի դնել մի կառույցի պատասխանատվության վրա և ասել՝ «գիտե՞ս ինչ, դու պետք է գնաս բացահայտես», - ասում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Իշխանությունը մեկուկես տարի առաջ էլ էր խոստանում ջարդել բանակում կոռուպցիայի ողնաշարը, այսօր էլ: Ուղղակի իշխանական Հայկ Սարգսյանը պայքարի մեկ այլ ճանապարհ է արդյունավետ համարում:
Ծանոթ լինելով կոռուպցիոն շրջանառվող սխեմաներին ու բանակից ազատվելու կամ տարկետում ստանալու գներին (ըստ պատգամավորի՝ այդ թիվը 10-20 հազար դոլարի սահմաններում է տատանվում), Սարգսյանն առաջարկում է օրենքով սահմանել նվազագույն ժամկետով ծառայելու գումար՝ մեկ ամսվա համար՝ 24 միլիոն, չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ: Մեծ աղմուկ հանած նրա այս օրինագծին Կառավարությունը հավանություն է տվել:
«Հարուստները այսօր էլ չեն ծառայել, երեկ էլ չեն ծառայել, և եթե այս փոփոխությունները չկատարենք, առաջիկայում էլ չեն ծառայելու», - պնդում է Սարգսյանը:
«Պետք է որևէ լուծում տրվի հարցին»
Ներքին գործերի նախարարությունը ևս Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծի քննարկումներին մասնակցել է, Արփինե Սարգսյանն այն իդեալական լուծում չորակեց, բայց ասաց. - «Տարիներ շարունակ չի կարելի նույն խնդիրը քննարկել և չլուծել: Պետք է որևէ լուծում տրվի հարցին: Այլ է հարցը, թե՛ կոռուպցիոն դրսևորումները բանակից ազատվելու շրջանակներում և թե՛ նաև բանակի պատշաճ համալրման և արժանապատիվ ծառայություն նաև ապահովելու: Ես այն մոտեցմանն եմ, որ ինչ-որ մի լուծում պետք է տրվի հարցին: Լուծման մասով, բնականաբար, դեռ ժամանակ կունենանք քննարկելու թե՛ նախագծի հեղինակների հետ, և թե՛ նաև Կառավարությունն ուներ նաև որոշակի առարկություններ, որոշակի նոր լուծումներ, որոնք որ պիտի քննարկվեն»:
Չնայած հենց Պաշտպանության նախարարությունն է բանակում նվազագույն ժամկետով ծառայելու՝ պատգամավորի առաջարկած տարիֆներն ավելացրել, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հրաժարվեց կոնկրետ ասել՝ դե՞մ, թե՞ կողմ են:
«Հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով, և մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ օրինագծի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ասրյանը:
Հարցին՝ կոռուպցիան շա՞տ է բանակում, ԳՇ պետն արձագանքեց. - «Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես Գլխավոր շտաբի պետն եմ; Այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները՝ սպաներ, նաև պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ, փորձում են կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ; Իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունն է, որպեսզի դա արմատախիլ անենք»:
Արդյոք իշխող «Քաղաքացիական պայմանագրում» դիմադրությունն այդքան մեծ է: Որ թիմում կան ընդդիմացողներ, հենց ինքը Հայկ Սարգսյանն էր պատմել: «Կոռուպցիան օրինականացնելու», «հարուստների» օրինագիծ բնորոշումը ստացած նախագծի քննարկումը Պաշտպանության հանձնաժողովում երկու անգամ արդեն հետաձգվել է, հաջորդ փորձը հունիսի 13-ին կլինի, խորհրդարան հրավիրված է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Տարբեր կարծիքներ են նախագծի վերաբերյալ, և ընդհուպ հանձնաժողովում էլ կարծիքները միանշանակ և միատեսակ չեն: Հիմնականում նախագծի վերաբերյալ առարկությունը մի կետի վերաբերյալ է՝ այն կետը, որը որ հնարավորություն է տալիս խիստ կարճաժամկետ ծառայել որոշակի գումարի դիմաց: Հիմնական տարընկալումները և դիմադրությունը այս կետի շուրջ է, և կարծում եմ, որ այս կետի շուրջ բավականին խորը քննարկում տեղի կունենա», - ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Խաչատրյանը չի բացառում, որ նախագիծը հանձնաժողովականները մերժեն: 11-հոգանոց հանձնաժողովի մեծամասնությունը՝ 7 պատգամավորները ՔՊ-ականներ են: