Գազայի ԱՆ-ն հայտնում է, որ «Ցախալ»-ը կրակ է բացել օգնության համար հավաքված մարդկանց վրա. Իսրայելը հերքում է

Գազայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կիրակի օրը Գազայի հարավում՝ սննդի բաշխման կետի մոտ, զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի, ևս մոտ 170-ը վիրավորվել են։ Ականատեսները հայտնել են, որ իսրայելական զինվորները («Ցախալ») կրակ են բացել օգնություն ստանալու համար հավաքված մարդկանց վրա։ Իսրայելը հերքում է այդ պնդումները։

ԱՄՆ-ում գործող Gaza Humanitarian Foundation-ը (GHF) հայտարարել է, որ կիրակի օրը Ռաֆահում սննդի բաշխումը անցել է առանց միջադեպերի, և զոհեր կամ վիրավորներ չեն եղել։

Ականատեսների խոսքով՝ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին օգնություն ստանալու համար, երբ իսրայելական բանակը սկսել է կրակել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ նախնական քննությամբ պարզվել է՝ զինվորները չեն կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ, երբ նրանք գտնվել են բաշխման վայրի մոտ կամ դրա տարածքում։

Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը հաղորդել է 169 վիրավորի մասին։

Բնակիչներն ու բժիշկները հայտնել են նաև, որ իսրայելական տանկը կրակ է բացել հազարավոր մարդկանց վրա, որոնք ուղևորվում էին Ռաֆահի բաշխման վայր։