Իրանը մտադիր է մերժել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու ԱՄՆ առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան իրանցի մի դիվանագետի։ Վերջինս պնդել է, թե ամերիկյան առաջարկները հակասում են Թեհրանի շահերին, մասնավորապես` պահանջում, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, փակի միջուկային բոլոր օբյեկտները, որոնց վրա տարիներ ի վեր միլիարդավոր դոլարներ է ծախսել։ «Դա մեզ համար կարմիր գիծ է», - ասել է իրանցի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Իրանը պատրաստվում է մերժել Վաշինգտոնի առաջարկները»Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին է այսօր Եգիպտոսում ընդգծել՝ Իրանը ուրանի հարստացումից երբեք չի հրաժարվի։ «Եթե բանակցությունների նպատակն է համոզվել, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի, ապա, կարծում եմ, այդ հարցում հնարավոր է համաձայնության հասնել։ Սակայն եթե նպատակն է Իրանին զրկել իր խաղաղ միջուկային գործունեությունից, ապա, անշուշտ, համաձայնագիր չի կնքվի», - ասել է նա։
Reuters-ն ու The New York Times-ը ծանոթացել են ամերիկյան առաջարկներին, որոնք Սպիտակ տունն անցած շաբաթ փոխանցել էր Թեհրանին՝ Օմանի միջոցով։ Ըստ The New York Times-ի, փաստաթղթով Վաշինգտոնը պահանջում է լիովին դադարեցնել ուրանի հարստացումը Իրանի տարածքում, փոխարենը առաջարկում է ստեղծել էլեկտրաէներգիա արտադրելու տարածաշրջանային կոնսորցիում՝ Իրանի, արաբական պետությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ։
«Դա մեզ համար ընդունելի չէ», - այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին, - «Կոնսորցիումն այլընտրանք չէ և չի կարող փոխարինել ուրանի հարստացմանը երկրի ներսում: Մեր կողմից դրական արձագանք չի ստանա որևէ տեքստ, որտեղ կլինեն ծայրահեղական պահանջներ, և որը կանտեսի Իրանի ժողովրդի իրավունքն ու շահերը»։
Ըստ արևմտյան պարբերականների՝ Թեհրանի համար անընդունելի է նաև այն, որ ամերիկյան առաջարկների փաթեթում որևէ հստակ տող չկա Իրանի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կամ սառեցնելու վերաբերյալ։ «ԱՄՆ առաջարկը լիովին միակողմանի է և չի կարող ծառայել Թեհրանի շահերին. սա Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի տեսակետն է», - Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
Վաշիգտոնից Իրանի այս հայտարարություններին դեռ չեն արձագանքել։ Օրեր առաջ, սակայն, Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը պնդել էր, թե «Ամերիկան ընդունելի առաջարկներ է ուղարկել», և որ դրանց ընդունումը բխում է իրանական կողմի շահերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը առաջարկներ է փոխանցել ԹեհրանինThe New york Times-ի փոխանցմամբ, այս ընթացքում իրանական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստել։ Թերթի տրամադրության տակ են հայտնվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին երկու զեկույցները, որոնք է՛լ ավելի են խորացրել մտահոգությունները Իրանի միջուկային կարողությունների վերաբերյալ։ Փաստաթղթերից մեկում, մասնավորապես, ասվում է, որ Իրանը ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոսի, որը մի փոքր է զիջում միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ չափանիշներին։ Ընդ որում, եթե նախագահ Թրամփի պաշտոնամուտի մեկնարկին Իրանն ուներ այդ աստիճանի հարստացված 605 ֆունտ ուրան, ապա հիմա ծավալը հասել է 900 ֆունտի։ Այլ կերպ ասած, եթե փետրվարին Իրանը կարող էր դրանով 5-6 ատոմային զենք արտադրել, ապա հիմա հարստացված ուրանի քանակը կբավականացնի 10 ռումբի արտադրության համար։ «Այս տեմպերով Թեհրանը փորձում է հավելյալ լծակներ ձեռք բերել ամերիկյան կողմի հետ բանակցություններում», - փաստում են միջազգային փորձագետները՝ ընդգծելով, որ այս պահին Իրանը միջուկային զենք չունեցող, բայց այդքան բարձր մակարդակի հարստացված ուրան ունեցող միակ երկիրն է աշխարհում։
The New York Times-ի տրամադրության տակ է հայտնվել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մեկ այլ գաղտնի զեկույց, որի համաձայն, Իրանը դեռևս մեկ տասնամյակ առաջ՝ 2000-ականների սկզբին, ատոմային զենքի փորձարկումներ է իրակայացրել։ ԱՄՆ հետախուզությունը տարիներ առաջ պնդել էր, որ այդ ծրագիրը կասեցվել է 2003 թվականին, Իսրայելը, սակայն, հայտարարում է, որ դրա որոշ տարրեր շարունակվել են՝ Իրանի առաջատար միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի ղեկավարությամբ, ով սպանվեց 2020 թվականին՝ Իսրայելի կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով։
Ակնկալվում է, որ Ատոմային ներգիայի միջազգային գործակալության հայտնաբերած այս փաստերի հիման վրա չորս արևմտյան պետություններ բանաձևի նախագիծ կներկայացնեն, որը պետք է քննարկվի կառույցի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։
«Աշխարհը պետք է գործի հիմա՝ Իրանին կանգնեցնելու համար», - հայտարարել էր Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, թե Բենյամին Նեթանյահուն փորձել է համոզել է Միացյալ Նահանգների նախագահին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, Դոնալդ Թրամփը, սակայն, հորդորել է նախ փորձել խնդրի կարգավորման դիվանագիտական ճանապարհը։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցներն ու ամերիկյան առաջարկներին Թեհրանի բացասական պատասխանը է՛լ ավելի են բարդացնում այդ գործընթացը», - փաստում է The New York Times-ը։